CAVAFY
Translated into Armenian by Marine Petrossian

ԱՍՏՎԱԾ ԼՔՈՒՄ Ա ԱՆՏՈՆԻՈՍԻՆ*  

THE GOD ABANDONS ANTONY

Երբ հանկարծ, կեսգիշերին, լսես
անտես թափորի ձայնը, որ անցնում հեռանում ա
անկրկնելի երաժշտությամբ, բարձր ձայներով,
մի՛ անիծիր բախտդ որ քեզ լքեց, դեմքդ մի շրջիր 
և մի՛ սգա, որ կյանքիդ գործը ձախողվեց, որ ծրագրերդ
պարզվեց պատրանք էին բոլորը—ի՞նչ օգուտ սգալուց։
Որպես քաջ մարդ, որպես վաղուց 
ամեն ինչի պատրաստ մարդ դու մնաս բարով ասա 
նրան՝ քո սիրած Ալեքսանդրիային, որ հեռանում ա։ 
Ամենակարևորը՝ մի խաբի քեզ, մի՛ ասա 
թե երազ ես տեսնում, թե ականջներդ ձայն են տալիս, 
մի ստորացրու ինքդ քեզ դատարկ հույսերով։ 
Որպես քաջ մարդ, որպես վաղուց
ամեն ինչի պատրաստ մարդ, որպես մեկը 
 որ արժանի էր էս քաղաքն ունենալու, 
 ամուր քայլերով մոտեցիր պատուհանին
և լսիր հուզված, բայց առանց ողբի, առանց կականի
—էս քո վերջին վայելումն ա—լսիր անկրկնելի ձայները
անտես հեռացող թափորի և մնաս բարով ասա
նրան՝ Ալեքսանդրիային, որին կորցնում ես։


ՄԱՆՎԵԼ ԿՈՄՆԵՆՈՍ   
MANUEL KOMNINOS

Մի մռայլ սեպտեմբերյան օր 
կայսր Մանվել Կոմնենոսը 
զգաց որ մահը մոտեցել ա։ 
Պալատական ծախված աստղագուշակները 
սկսեցին դուրս տալ 
թե նրան դեռ բազում տարիներ են մնում ապրելու, 
բայց կայսրը նրանց չէր լսում, 
հիշելով կրոնական ավանդությունը, 
նա հրամայեց՝ վանքից բերեցին 
եկեղեցական հանդերձանք, 
ու կայսրը հագավ դա՝ 
ուրախ, որ նմանվում ա աբեղայի։   

Երանի նրանց, որ հավատում են, 
և, կայսր Մանվելի նման, 
ավարտում են կյանքը` 
իրանց կրոնի հագուստով 
համեստորեն հանդերձված։ 


ՄԻ ԳԻՇԵՐ   
ONE NIGHT

Էժան, կեղտոտ սենյակ էր, 
կասկածելի գինետան կտուրում ծվարած։ 
Պատուհանից եթե նայեիր, երևում էր փողոցը՝ 
ցեխոտ ու նեղ։ Ցածից քաղաքի աշխատավորների 
ձայներն էին հասնում վերև՝ թուղթ էին խաղում, 
ձայները գլուխները գցած, վավաշոտ կատակներ անելով, 
մեկումեջ էլ գոռում էին որ խմիչք բերեն։   

Ու հենց էդ անշուք, նվաստ անկողնում 
ես վայելեցի իմ սիրածի մարմինը, ու նրա կարմիր, 
լիքը շուրթերի մեջ էնքան գինի կար, որ հիմա, 
էսքան տարիներ հետո, երբ գրում եմ էս տողերը, 
տանը, միայնակ նստած, դրանց հիշողությունը նորից 
հարբացնում ա ինձ։ 


ԾԵՐ ՄԱՐԴԸ 
AN OLD MAN  

Սրճարանի աղմուկի մեջ, գլուխը սեղանին թեքած, միայնակ, 
առանց ընկերակից, տարիքով մի մարդ ա նստած, 
չի էլ նայում առաջը դրված լրագրին։   

Ծերության բերած խեղճության միջից, դրա բերած 
դատարկությամբ շրջապատված, նա մտածում ա թե ինչ քիչ 
վայելեց տարիները երբ ուժ ուներ, ճարտասան էր ու գեղեցիկ։
 
Գիտի որ արդեն տարիքն առել ա՝ անհնար ա չզգալ 
ու չտեսնել։ Բայց ոնց որ երեկ լիներ որ ջահել էր, ընդամենը 
երեկ։ Էնքան արագ թռան տարիները։   

Ու հիմա նա մտածում ա Խոհեմության մասին՝ էդ խաբեբայի, 
որ ասում էր՝ «Վա՛ղը, վա՛ղը, դեռ լիքը ժամանակ կա», 
ու ինքը հիմարի պես հավատաց դրան։   

Հիմա հիշում ա կրքերը, որ զսպեց, ուրախությունները, 
որոնցից հրաժարվեց։ Եվ ինչքան ծիծաղելի ա արդեն դրա 
պատճառը՝ հիմար զգուշավորությունը։ Բայց մարդը 

ծեր ա արդեն, հիշողությունները տագնապ են պատճառում, 
երկար մտածելուց միտքը մշուշվում ա, աչքերը փակվում են, 
ու մարդը ննջում ա՝ սրճարանում, գլուխը սեղանին դրած։