Armenian Poetry On the Borderline Between Two Centuries: XX-XXI.  Bilingual anthology of contemporary Armenian poetry in Georgian.  Project by Naira Galashvili, editor Shota Iatashvili, advice and introduction by  Marine Petrossian

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌԱՋ
POETRY  AND CHALLENGES OF NEW TIMES
Marine Petrossian


Ներկա անթոլոգիայով փորձ  է արվում ներկայացնելու Վերակառուցումից հետո Հայաստանում ստեղծված պոեզիան։ Այս «Վերակառուցումից հետոն» համարյա նույն իմաստն ունի, ինչ «Սովետական Միությունից հետոն», քանի որ սովետական երկիրը վերակառուցելու Գորբաչովի փորձը, ինչպես հիշում ենք, հանգեցրեց այդ երկրի փլուզմանը։ Եվ ահա հարց է առաջանում՝ իսկ կարևո՞ր է, վճռորո՞շ է արդյոք պոեզիայի համար այս «հետոն»։ Իսկ գուցե պոեզիան ապրում է ա՞յլ ժամանակի մեջ։  Եթե այո, ապա ինչ հարաբերության մեջ է այդ առանձնահատուկ ժամանակը «հասարակ» ժամանակի և իրականության հետ։ Այս առանցքային հարցը ներկա է այսօրվա հայ բանաստեղծության շուրջ ընթացող բոլոր բանավեճերում, և յուրաքանչյուր բանաստեղծի ստեղծագործական ռազմավարությունը որոշվում է այս հարցին տված նրա պատասխանով։ Իսկ ռազմավարությունները շատ բազմազան են՝  մեր ժամանակներում բանաստեղծության արմատական վերակառուցում պահանջող հեղափոխականից մինչև բացարձակ պահպանողականը, որի համաձայն պոեզիան պետք է իր հավերժական ճանապարհով ընթանա դեպի վեր՝ ցածում թողնելով ճղճիմ իրականությունը։
 
Սովետական Միությունը, հիշում եք իհարկե, միանգամից չէ որ փուլ եկավ։ Հայաստանում փլուզման գործընթացն սկսվեց 1988-­ի հզոր միտինգներով ու գործադուլներով. սկսվելով ազգային հարցից ու հանդիպելով Մոսկվայի համառ դիմադրությանը, Ղարաբաղյան շարժումը հանրապետության սոցիալ­-քաղաքական նորացման խնդիր դրեց և ի վերջո հասավ դրան։ 1991­ին, երբ Հայաստանի խորհրդարանը երկիրը հռչակեց անկախ, խանդավառությունը սահման չուներ։ Իսկ հետո տնտեսական շրջափակումն էր սկսվելու, էլեկտրականության հովհարային անջատումները, պատերազմ էր բռնկելու, մի խոսքով՝ գալու էին «ցուրտ ու մութ տարիները», և խանդավառությանը փոխարինելու էր շփոթվածությունը՝ նոր, անորոշ, անանուն իրականությանը դեմ հանդիման։

1996 թվականին լույս տեսած Հովհաննես Գրիգորյանի «Երկու ջրհեղեղի արանքում» գրքում անորոշ իրականությունը բերված էր խոսքային տարածք։ Հարկ է նշել, որ Հ. Գրիգորյանը 60-­ականների սերնդի հենց այն ներկայացացուցիչն էր,  որի բանաստեղծական զինանոցը պատրաստ էր նման խնդիր լուծելու համար։ Ժամանակին նա, իր սերնդակից մի քանի բանաստեղծների հետ միասին, անցել էր բուռն բանավեճերի քուրայով՝ արդյունքում հաջողացնելով սասանել տիրապետող, հիմնականում ռոմանտիկ, պատկերացումը բանաստեղծության ու բանաստեղծականի մասին։ Հովհ. Գրիգորյանի գործերը համարյա միշտ պատմություններ են գոյության ցուրտ արահետներով դեգերով միայնակ մարդու մասին։ Երբ որ այդ էկզիստենցիալ ցուրտը Հայաստանում առարկայացավ՝ փոխվելով ամենօրյա իրողության, բանատեղծին ընդամենը մնում էր իր միայնակ հերոսին բազմապատկել երկրում մնացած բնակչության թվով։

Հ.Գրիգորյանի գիրքն իզուր չէ, որ կոչվում է «Երկու ջրհեղեղի արանքում». այս ժողովածուի մեջ տիրապետողը «նախաջրհեղեղյան» տրամադրություններն են։ Հանկարծ անհետացել են լույսը, ջերմությունը, հույսը, և ահա հեռանում են նաև մարդիկ. բոլորը հավաքվել են օդանավակայնում և սպասում են գիշերային թռիչքի («Գիշերային թռիչք»՝ սա բանաստեղծության վերնագիրն է)։ Կոնկրետ այդպես էլ չի ասվում թե ուր են թռչում, սկզբում կարծում ես՝ հերթական չվերթով ընդամենը Հայաստանից են հեռանում։ Բայց հետո հայտնվում են մանրամասներ, որ հուշում են՝ այս ուղևորները կարծես թե երկրագնդին են հրաժեշտ տալիս։ Ու թեև  Գրիգորյանի սիրած «արձանագրային» ոճը,  որով գրված է և ա´յս բանաստեղծութունը, մինչև վերջ պահպանվում է, տեքստում հայտնվում են ֆանտասմագորիկ երանգներ, և սովորական պատմությունը անսպասելի չափում է ձեռք բերում։

«Անտիպոեզիա», այսպես էր կոչվում Արմեն Շեկոյանի գիրքը, որ լույս տեսավ 2000թ. և բուռն բանավեճեր հարուցեց, արդյունքում «անպիպոեզիա» տերմինը մտցնելով գրական խոսակցությունների բառապաշար։ Դրան մեծապես նպաստեց նաև իմ էսսեն («Անտիպոեզիա, կամ երբ բանաստեղծը չի փնտրում ալիբի»), ուր ես Արմեն Շեկոյանի և Վիոլետ Գրիգրոյանի գործերի վերլուծության հիման վրա անտիպոեզիան բնորոշում էի իբրև այսօրվա հայ բանաստեղծության տիրապետող ուղղություն։ Համառոտ մեջբերում անեմ. «Ընդհանրապես անտիպոեզիան պատմությունից մեզ լավ հայտնի երևույթ է, քանի որ բանաստեղծությունը միշտ առաջ է գնացել ինքն իրեն ժխտելով­-հաղթահարելով­-վերածնելով։ Ընդ որում անտիպոեզիայի անհրաժեշտությունը սովորաբար առաջանում է պատմության շրջադարձային պահերին, երբ կեցությունը հերթական անգամ կորցնում է իր իմաստը և ներկայանում իբրև դիպված։ Նման պահերին «մաքուր» պոեզիան դառնում է մեռյալ։ Նորից կենդանանալու համար այն պետք է ծնվի իբրև անտիպոեզիա,  պետք է կորցնի իր մաքրությունը՝ դիմելով «կեղտոտ» իրականությանը և դիպվածին։ Այն պետք է փորձի անուն և իմաստ տալ մեզ հետ կատարվածին՝  մեզ փրկելու համար խելագարությունից։ Չէ՞ որ անանուն իրականությունը տանում է դեպի խելագարություն»։

Արմեն Շեկոյանի բանաստեղծությունները շատ դժվար թարգմանելի են,  և սա՝ մի քանի պատճառներով։ Այս բանաստեղծի տեքստերում հիշատակվում են բազմաթիվ կոնկրետ դեպքեր ու դեմքեր, որ անմիջապես ճանաչելի են հայաստանցի ընթերցողի համար, բայց թարգմանվելիս ծանոթագրության կարիք են զգում։ Խիստ յուրահատուկ է Շեկոյանի բառապաշարը.  խոսակցական լեզուն ու ժարգոնը դրանում զարմանալի կերպով հեմատեղվում են ընդգծված գրական դարձվածքների հետ։ Եվ վերջապես, հեղինակը սիրում է անուղղակի, թեթևակի փոփոխված մեջբերումներ անել հայ դասականներից՝ նրանց խոսքը դնելով նոր կոնտեքստի մեջ։ Այս կերպ շաղախելով, թվում է թե, անշաղախելին, Շեկոյանը հասնում է զարմանալի արդյունքի. նրա բանաստեղծություներում ամենաառօրեական դիպվածը անսպասելի իմաստ է ստանում, քանի որ հանկարծ, չգիտես որտեղից, տեքստում նոր չափում է հայտնվում։ Իսկ գաղտնիքն այն է, որ դա իրականում ոչ թե նոր, այլ լավ էլ հին քրիստոնեա­-հումանիստական չափումն է, միայն թե անսպասելի կոնտեքստի շնորհիվ նորացված ու թարմացած։
 
Շեկոյանը մի բանաստեղծություն ունի, որի մասին անպայման ուզում եմ պատմել։ Տեքստը շատ երկար է (դրա համար էլ այն չէր կարող տեղ գտնել այս անթոլոգիայում) և կոչվում է «Երևան հյուրանոց»։ Հեղինակը նախ ասում է, թե ինքը հայտնվել է «անլույս մթնում» և ելքը չի գտնում, ապա  թվարկում է բոլոր իր ծանոթներին, որ հայտնվել են նույն «հյուրանոցում» և նույնպես ելք են փնտրում։ Ողջ բանաստեղծությունը՝  համարյա 700 տող, կազմված է կոնկրետ մարդկանց անունների թվարկումից, որը երբեմն-­երբեմն ընդմիջվում է մեկնաբանություններով, օրինակ այն մասին, թե այսինչը կամ այնինչը մութից դուրս գալու «ելքը գիտի, բայց ինձ չի ասում»։ Եվ քանի որ Շեկոյանին ճանաչողների հսկայական ցուցակում կան թե´ ընթերցողների մեծ մասին անծանոթ, թե´ լայնորեն հայտնի դեմքեր (ընդ որում մշակութային և քաղաքական շրջանակների ամենահակադիր թևերից), տեքստը կախարդում է ընթերցողին, նրան պարգևելով մեկ ընդհանուր տանն ապրելու զգացողությունը, հակառակ գործի վերնագրին։

Որպես անտիպոեզիայի մասին իմ էսսեի հերոսներ ես իզուր չէի ընտրել Արմեն Շեկոյանին և Վիոլետ Գրիգորյանին. հենց նրանց գործերի մասին է առավել հաճախ հնչում «սա պոեզիա չի» բնութագրումը։ Վիոլետ Գրիգորյանի անունն իր վրա սևեռուն ուշադրություն էր գրավել դեռ 1980-ականների սկզբից, երբ մամուլում հրապարակվել սկսեցին «կանացի պոեզիայի» ավանդական պատկերացումները ջարդող նրա առաջին բանաստեղծությունները։ Իսկ ահա 90­ականների վերջերին գրված նրա գործերն առաջացրին ամենաիսկական փոթորիկ. այն տպավորությունն էր ասես դրանք անցած դարավերջի հայաստանյան իրականության ողջ սարսափը, ողջ ցնցումներն ու ջղաձգումներն առել էին իրենց մեջ։ Այս հեղինակն ունի հզոր էքսպրեսիայով օժտված լեզու և սիրում է խաղարկել մի կողմից ժողովրդական  (հաճախ բավական կոպիտ) խոսքի, մյուս կողմից հին հայերենի՝ գրաբարի շերտերը, պարադոքսալ կերպով համատեղելով դրանք նույն տեքստի մեջ։ Վ. Գրիգորյանի խոսքը նման է հեղեղուն գետի, այն առնում տանում է մեզ իր սրընթաց հոսանքով։ Ընդ որում ճանապարհին մեր աչքերի առաջ հառնող պատկերները մերթ ցավեցնելու աստիճան ծանոթ են (ասես տեքստի էկրանին տեսնում ենք մեր կյանքի խոշորացված պատկերը),  մերթ դառնում են տարօրինակ ու հաճախ վախեցնող (էքսպրեսիան  աղավաղում  է պատկերները, հաճախ սահմռկելի դարձնելու աստիճան)։

Իր անսանձ էքսպրեսիայով և բանաստեղծությունների ոչ նորմատիվ լեզվով  Վ. Գրիգորյանը վաստակեց քննդատների մի  ողջ բանակ։ Գրական իսթեբլիշմենթում վերածվելով ոչ ցանկալի անձի, նա իր նման տաբու ջարդողների և այլ գրական սահմանախախտների համար հիմնեց «Բնագիր» (որ հետո դարձավ «Ինքնագիր») հանդեսը, ուր ամբողջովին բացակայում էր գրաքննությունը (այդ թվում լեզվական) և խրախուսվում էր փորձարարությունը, մասնավորապես՝ ուղղված «գրականություն» հասկացության սահմանների ընդլայնմանը։ Նման քաղաքականության շնորհիվ «Բնագիրը» շուտով դարձավ նորարարական մտքի կենտրոն։ Հենց այստեղ էր, որ բարեբեր հող գտավ Կարեն Ղարսլյանը՝ ներկա անթոլոգիայի ամենից երիտասարդ հեղինակը, որի տեքստերը պայթուցիկ էներգիա են կրում իրենց մեջ։ Սրանով Ղարսլյանը շատ մոտ է 20-րդ դարասկզբի ավանգարդիստներին, որոնց ժառանգության հետքերն ի դեպ հստակ տեսանելի են այս բանաստեղծի գործերում։  Եվ սա պատահական չէ։ Հայաստանում վերջին տարիներին շատերն են խոսում անցած դարասկզբի ավանգարդիստական­-հեղափոխական ավանդույթը վերհիշելու և վերաիմաստավորելու մասին։ Վերհիշելու՝ որովհետև սովետական տարիներին այդ ավանդույթը մի մասով թաքցվել­-մոռացվել, մյուս մասով աղավաղվել էր։ Եվ ապա վերաիմաստավորելու՝ որովհետև մեր ժամանակներում ավանգարդիզմը չի կարող կարող գոյություն ունենալ հին ձևով, այն արդեն մտնում է պոստմոդեռնիստական կոնտեքստ։

Ներկա Հայաստանն ու Վրաստանը սոցիալ­-քաղաքական իրողությունների առումով շատ նմանություններ ունեն։  Այդ իսկ պատճառով իմ այս նախաբանում ես առավել հանգամանալից անդրադարձա այն բանատեղծներին,  որոնց ստեղծագործության մեջ ներկա կոնտեքստը նշանակալի դեր է խաղում։ Հենց այս բանաստեղծներն են կանգնած բանաստեղծության ապագայի շուրջ Հայաստանում ընթացող բանավեճերի կենտրոնում, և կարծում եմ նման հեղինակների փորձը այսօր պետք է որ առավել հետաքրքիր լինի վրաց ընթերցողի համար։ Սակայն այսօրվա հայ բանաստեղծության սպեկտրը, անշուշտ, շատ բազմազան է, և այդ սպեկտրի մի մասն են կազմում նաև այն բանաստեղծները, որոնք ամբողջովին կամ առավելապես հակված են դեպի այսպես կոչված «մաքուր պոեզիան»։ Նրանց մեջ կան հայտնի հեղինակներ, որ նույնպես ներկայացված են այս անթոլոգիայում։
















Երբ Հենրիկ Էդոյանը անցած դարի 60-ականներին սկսեց հրապարակել իր բանաստեղծությունները, նրան ոչ քննադատները, ոչ էլ ընթերցողը գրկաբաց չընդունեցին, քանի որ այդ գործերում սովորականի պես փնտրում էին «լիրիկական հերոսի» զգացմունքները ու չէին գտնում։ Էդոյանը հետևողականորեն հանդես էր գալիս զգացմունքային պոեզիայի դեմ, պնդելով որ բանաստեղծության ընթերցումը մտքի աշխատանք է պահանջում։ Եվ իսկապես, անպատրաստ ընթերցողը հեշտությամբ չի կարողանա մուտք գործել այս բանաստեղծի աշխարհը։ Նրա գործերում պատկերները միջոց չեն՝ որևէ ծանոթ զգացմունք կամ միտք արտահայտելու համար, դրանք ոչ թե պատրաստի իմաստ են արտահայտում, այլ իրենք են ստեղծում այդ իմաստը՝ տեքստի սահմաններում, ընդ որում իմաստն այդ ըմբռնելու և վայելելու համար պահանջվում են մշակութային որոշակի գիտելիքներ։ Էդոյանի բանաստեղծություններում հաճախ է լսվում հին արևելյան պոեզիայի արձագանքը, հաճախ՝ ուղղակի մեջբերումների ձևով, և սա զարմանալի չէ. Հայաստանում նա հայտնի է իբրև հին եգիպտական և հին հնդկական տեքստերի թարգմանիչ։

Վերջին երկու տասնամյակում Էդոյանը ակտիվորեն շարունակում է գրել, բայց նրա ստեղծագործության մեջ էական փոփոխություններ չկան։ Հետաքրիր է նկատել, որ իր գրական ճանապարհը որպես նորարար և 1960-ականների «գեղագիտական այլախոհության» ներկայացուցիչ (այսպես է գրված Էդոյանի վերջին գրքերից մեկի շապիկին) սկսած բանաստեղծը հետագայում սահուն անցում կատարեց դեպի գեղագիտական պահպանողականների ճամբարը և այսօր հանդես է գալիս իբրև արդի նորարարների անխնա քննադատ, հայտարարելով որ նրանք վուլգարացնում են պոեզիան։
 
Հրաչյա Սարուխանը նույն սերնդից է, ինչ Էդոյանը, բայց շարունակում է ռոմանտիկ բանաստեղծության ավանդույթը։ Պոետն իբրև կյանքի խութերին անվերջ բախվող, բայց դրան հումորով վերաբերվող  խիզախ ու խենթ հոգի՝ սա է Սարուխանի բանաստեղծության առանցքային կերպարը։ Վերջին շրջանում փոխվել է այս հեղինակի տեքստերի ֆորման միայն, ընդ որում միանշանակ թեքվելով դեպի կանոնիկ հանգավոր բանաստեղծություն։
 
Հրաչյա Բեյլերյանը ևս մեկն է այն հեղինակներից, որ արհամարհեց նոր ժամանակի մարտահրավերները և չշեղվեց իր որդեգրած ավանդույթից, միայն թե այս դեպքում դա ոչ թե ռոմանտիկ, այլ հոգևոր­-միստիկ ավանդույթն էր։ Բանաստեղծի խոսքը տեղափոխում է մեզ մի տարածք, ուր թագավորողը քրիստոնեական կամ հունական միֆն է, ընդ որում Բեյլերյանի բանաստեղծական տարածությունը բացարձակապես ոչ մի կետում չի հատվում իրական ժամանակի կոնտեքստի հետ։

Երբ Էդվարդ Միլիտոնյանը գրականություն մտավ 1970-ականների վերջերին,  նրա բանաստեղծություններին բնորոշ էր մաժորային, խանդավառ հնչերանգը. այս հին աշխարհը, բանաստեղծի աչքերով տեսնված, ներկայանում էր իբրև պատկերների անվերջ խրախճանք։ Ավելի ուշ այդ հնչերանգը հեղինակի տողերում աստիճանաբար վերացավ, տեղը զիջելով հոգնած­-սկեպտիկ մի տրամադրության։ Ավելի խորքային փոփոխություններ՝ նոր ժամանակի կոնտեքստում, Միլիտոնյանի ստեղծագործությունը չի կրել։

Արմեն Դավթյանը նույնպես սիրում է իր գործերում ստեղծել բանաստեղծական պատկերների խրախճանք։ Հեղինակի լեզուն ճոխ է, խոսքն այնքան խիտ, որ եղած բառերը երբեմն քչություն են անում և բանաստեղծը նորերն է ստեղծում։ Իսկ հնչերանգն Արմեն Դավթյանի գործերում արդեն ոչ թե պարզապես խանդավառ է, այլ պաթետիկ։ Նոր ժամանակում, որի մեջ հայտնվել է Հայաստանը, պաթոսն ըստ երևութին անհնարին է դառնում, և իմ կարծիքով պատահականություն չկա այն բանում, որ վերջին տարիներին Արմեն Դավթյանը դադարել է գրել։

Տիգրան Պասկևիչյանի գործերը բանավեճերի կենտրոնում չեն հայտնվում և բանաստեղծությունը հեղափոխելու հավակնություններ չունեն, բայց նա անկասկած ներկա հայ պոեզիայի ամենահետաքրքիր դեմքերից է։ Զարմանալի թարմ ու արդիական է Պասկևիչյանի լեզուն. թեև այս հեղինակն իր բանաստեղծություններում խոսակցական լեզու չի գործածում,  բայց նրա տողն իր խորքում սնվում է այդ լեզվի կենդանի հնչերանգից։

«Շրջանակներ լռության համար»՝  այսպես է վերնագրել Նաիրա Հարությունյանն իր առաջին գիրքը, և վերնագիրն այդ բավական ճշգրիտ բնութագրում է այս հեղինակի պոեզիան։ Հարությունյանի բանաստեղծությունները դրամատիզմով ու ցավով ներծծված խոհեր են՝ քրիստոնեական մտքի կոնտեքստում։

Նարինե Ավետյանը՝ այս անթոլոգիայի ամենաերիտասարդ հեղինակներից,  նկատվեց իր առաջին իսկ գրքով, ուր խոստովանական բանաստեղծություններ են՝ գրված անշփոթելի անհատական ձեռագրով։

Արփի Ոսկանյանի տեքստերը նույնպես կարելի է անվանել խոստովանական, բայց դրանք շատ ավելի ագրեսիվ են և դրանցում հստակ նկատելի է բունտը հայ պոեզիայի որոշակի կարծրատիպերի դեմ։
 
Հուսիկ Արայի պոեզիան դժվարանում եմ բնորոշել, որովհետև այս բանաստեղծն անվերջ որոնումների մեջ է։ Իսկ ահա Արմինե Աբրահամյանի դեպքում թե´ ընտրված ժանրն է հստակ, թե´ ոճը՝ այս հեղինակի տեքստերը չարաճճի բայց տխուր հեքիաթներ են, լինեն դրանք արձակ թե չափածո։

Վրաստանի հայ բանաստեղծներից անթոլոգիայում ընդգրկված է Վիկտոր Հովսեփյանը՝ մի բանաստեղծ որ ողջ կյանքում ուսուցիչ էր հայրենի գյուղում, բայց իր լավագույն գործերում կարողացավ Ջավախքի իմաստուն ոգին միախառնել հայ նոր բանաստեղծության ձեռքբերումներին։
 
Ահա և կարծես ամեն ինչ ասվեց։ Մնում  է ավելացնեմ, որ այս անթոլոգիայում դուք կարող եք կարդալ նաև իմ գործերը,  քանի որ ես ամենից առաջ բանաստեղծ եմ, իսկ քննադատական էսսեներ սկսել եմ գրել այն բանից հետո, երբ համոզվեցի որ պաշտոնական քննադատությունը նոր ժամանակի տեքստերի համար բանալի չունի։ Ուզում եմ հավատալ՝ կարողացա ձեզ փոխանցել այդ բանալին, որ բացեք դուռը և ներս մտեք այսօրվա հայ բանաստեղծության աշխարհ։