Israeli Poets translated by Marine Petrossian. Garun magazine, #2, 2001


Agi Mishol
Nocturne


Ամուսինը նորից կրծոտում է կնոջը
որը ծլվլում է մի քիչ
քնելուց առաջ։
Նրանց վերևում կղմինդրե տանիքն է
ապա մթությունն ու աստղերը։
Այս ժամին միայնակները
առավել են միայնակ
իրենց ծածկի տակ։
Նրանք լուռ են
բայց գիշերահավը
նրանց ձայնով է ճչում։

Այս ժամին ամուսնու միտքը 
իր մրգերի հետ է։
Քիչ այն կողմ, տերևների արանքից
բուրում են դրանք
հասուն, հյութեղ
ինչ հաճելի է, մտածում է նա,
ամեն տարի պտղավորվելու
այս առատաձեռնությունը
և ինչ սփոփիչ է նույնի 
անվերջ կրկնությունը.
թրթնջուկ, արևածաղիկ
և գալարուն տերևներով այն բույսը
որի անունը, սատանան տանի,
երբեք չի մնում մտքում։

Պտուղն անաղմուկ հասել է
ոչ ոքի համար
և նույնիսկ չքնաղ անունը արքայանարինջ
որ մարդիկ տվել էին նրան
մյուսներից տարբերելու համար
չի օգնում։

Այս ժամին կինը
ձեռքը տանում է դեպի
ոտքերի արանքի
պարզուկ ծալքը և
խաղաղեցնում է
կենաց ճանապարհը։

Ծառաստանում թափառող միտքը
որ հեղինակ չունի
բնության աղքատ երևակայության մասին է.
ամեն ինչ իր տեղում ու իր ժամանակին
միմիայն իր տեղում ու իր ժամանակին։
Անկանգ պտույտի անվերջանալի տխրությունը։
Միակ տարբերակի նզովքը։
Արքայանարնջի թփի վրա
երբեք գազար չի աճի։